Ազգովի ցնցվեցինք

Ցնցվեցինք….. հոկտեմբերի 23-ն է: Զանգեր հարազատներին, ընկերներին: Զանգեր հարազատներից ու ընկերներից: Անորոշություն, խուճապ, տագնապ` բոլորս փնտրում էինք էպիկետրոնը և հնարավոր ավերածությունների վայրը: Անորոշության և տեղեկատվության բացակայության պայմաններում մոտ մեկ ժամ անցկացրեցինք: Փառք Աստծո Համացանցը տեղեկացրեց, որ ուժգին երկրաշարժ է տեղեի ունեցել Թուրքիայի տարածքում: Ոնց որ հանդարտվեցինք ու հանգստացանք, կարծես բնության արհավիրքները պետական սահմաններ և էթնիկ խմբեր են ճանաչում (տարբերակում):
Այնուհետև հայրենի իրավասուները ,,փոքր ինչ ուշացումով’’ սկսեցին տեղեկացնել, պարզաբանել և որ ամենա կարևորն է հանգստացնել անտեղյակ հանրությանը: Ամեն ինչ կարգին է: Ցնցումները որևէ վնաս չեն հասցրել` բարձրահարկ շենքերն և ՀԱԷԿ-ը սեյսմակայուն են: Հիանալի է:

Կյանքը Հայաստանում շարունակեց ընթանալ իր բնականոն հունով: Այդ մի քանի ժամերի ընթացքում այնպես էինք մոլորվել, շփոթվել և զարմացել կարծես առաջին անգամ գիտակցեցինք, որ երկրագնդի վրա, մասնավորապես Հայկական լեռնաշխարհում պարբերաբեր տեղի են ունենում երկրաշարժեր: Զարմանալի է:

Գաղտնիք չեմ բացահայտի, որ ասեմ Հայաստանը գտնվում է սեյսմաակտիվ գոտում, որտեղ երկրաշարժեր մշտապես եղել են, լինում են, և կարծում են լինելու են: Ավելին ըստ մասնագետների տարածաշրջանում որոշակի պարբերականությամբ (30-50 տարի) լինում են ուժգին և ավերիչ ցնցումներ:

Որպես իրավիճակի վերլուծության արդյունք կարող եմ նշել աչքի ընկած այն հիմնական խնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում`

– Հայաստանում բացակայում է բնակչության ազդարարման համակարգ

– մշակված չէ կոկրետ իրավիճակներում գործողությունների հստակ ալգորիթմ (անձնային, խնբային, բակային և համայնքային մակարդակներում)

– համապետական և համազգային մակարդակում բացակայում է ըմբռնումն (գիտակցումն) առ այն, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար թիվ մեկ սպառնալիքը երկրաշարժերն են (կարծում եմ ավելին, քան Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան)