”Նաիրիտ” իմ ,,Նաիրիտ”

,Նաիրիտ” գործարան` ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության հսկա:
Անկախության 20 տարիների ընթացքում բազմաթիվ փորձություններով անցած և շահարկման առարկա դարձած նախկին հսկա ,,Նաիրիտ”: Անհարկի քաղաքականացված թեմա դարձած: Յուրաքանչյուր կառավարության, իրավասու նախարարության համար PR գործընթացի անբաժանելի մաս դարձած բազմաչարչար ,,Նաիրիտ” գործարան:

Տպավորություն է ստեղծվում, որ հայրենի կառավարությունները ինքնանպատակ են դարձրել ,,Նաիրիտ” գործարանի շահագործումը, որի հիմնական նպատակն է` ապացուցել իրենց պրոֆեսիոնալիզմը և գործունյա լինելը: Փորձերը բազմաթիվ էին և անչափ: Փոխվում էին տերերը, կառավարիչները, վերահսկողություն իրականացնող պետական գերատեսչությունները և այլն: Նոր տերերն ու կառավարիչները ներկայացնում էին իրենց ,,Նյու Նաիրիտ” մեգա ծրագրերը: Սակայն սայլը տեղից չի շարժվել մինչ այսօր: Պարբերաբար վերագործարկվելով գործարանը կրկին անգամ ավելացնում է իր պարտքերը (չվճարված աշխատավարձեր, էլեկտրաէներգիայի և գազի դիմաց վճարներ և այլ վճարներ), ինչպես նաև հարստացնում է գործարանում արտակարգ պատահարների և մարդկայն կորուստների տարեգրությունը: Պատճառներն բազմաթիվ են և բազմապիսի:

Մեկ բան է սակայն ակնհայտ, որ ,,Նաիրիտ”-ի բազմաթիվ վերագործարկումները տնտեսական և առավել ևս սոցիալական (բնակչության զբաղվածության) ենթատեքստ չեն պարունակել: Շարժառիթը ինձ համար անհասկանալի է ……

Քաղաքակիրթ աշխարհն այսօր բավականաչափ կուտակված գիտելիք և փորձ ունի նախորդ դարի արդյունաբերական հսկաների ենթակառուցվածքների, շինությունների, տարածքների, մարդկային ռեսուրսների արդյունավետ կիրառման (վերափոխման) և կառավարման բնագավառում: Սակայն Հայաստանում այն անտեսվում և չի ուսումնասիրվում: Եվ որ ավելի վտանգավոր է չի գիտակցվում և չի կարևորվում դրա անհրաժեշտությունը: Փոխարենը նպատակադիր համառությամբ կրկին և կրկին վերագործարկում ենք նախկին հսկան: