Հիվանդն ավելի շատ մեռած է, քան ողջ է

«Էս աշխարհքում քանի՞ պետություն կա…» հարցին «Մենք ենք, մեր սարերը» հայտնի ֆիլմի հերոսը սկսում է թվարկել իր իմացած պետությունների անունները և եզրակացնում է, որ «դե մի 100 հատ կլինի էլի», որին հետևում է մինչ այսօր արդիական եզրույթը՝ «կարևորը մենք ենք ու Ամերիկան»։

Ներկայումս տվյալ հարցին նույնպես հնարավոր չէ պատասխանել 100 տոկոս ճշտությամբ, սակայն կարելի է ընդունել, որ լավագույն պատասխանը կլինի, որ այսօր երկրագնդի վրա առկա է շուրջ 195 երկիր։

Ինչևից է, մեր դիտարկման առարկան աշխարհագրությունը չէ, այլ այն կազմակերպությունը, որը կոչվում է Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն, որի շարքերում ընդկրկված են շուրջ 153 պետություն։ Այսինքն մոտ 80 տոկոս աշխարհի պետությունները «կամավոր-պարտադիր-ստիպողական’ սկզբունքի համաձայն անդամակցում են այդ կազմակերպությանը և արդեն հայտնի է, որ շուտով դրան կանդամակցի նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Դժվար է միանշանակ ասել թե տնտեսապես ի՞նչ օգուտ կքաղի Ռուսաստանը ԱՀԿ-ին ադնամակցելուց, սակայն այն, որ թե ԱՀԿ-ի, թե Ռուսաստանի, թե մնացած անդամ–պետությունների համար ակնհայտ է, որ անդամակցությունը կրում է ավելի շատ քաղաքական ենթատեքստ՝ քան տնտեսական, պարզ է։

Եթե նայենք Հայաստանին, որը ԱՀԿ-ին անդամակցում է 2003 թվականից, ապա կարելի է նշել, որ բացի ԱՀԿ-ի պահանջներին համապատասխան օրենսդրական փոփոխություններից, մեր երկրի անդամակցությունը ԱՀԿ-ին չբերեց ոչ օտարերկրյա ներդրումների աճին և ոչ էլ արտահանման ծավալների այդքան սպասվող աճին, որոնց վերաբերյալ նախկինում ամպագոռգոռ հայտարարություններ էին արվում։

Անշուշտ կարելի է բարդել բոլոր ծագած և նոր ծագում առնող խնդիրները 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի վրա, սակայն ներկայումս աշխարհը ականատես է նոր թափ առնող ֆինանսա-տնտեսական ճգնաժամին և արդեն իսկ պարզ է, որ կարգավորիչ դեր ստանձնած կազմակերպությունները՝ այդ թվում նաև Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունը, որը ստեղծվել էր անցած դարում «ոսկե միլիարդի’ պետությունների կողմից և հանդիսանում է ըստ իր առջև դրված խնդիրների որպես առևտրային և ֆինանսական կարգավորիչ, իրենց արդեն իսկ սպառել են և «հիվանդն արդեն ավելի շատ մեռած է, քան ողջ է’։

Ուստի, եթե նախկինում «մենք ենք» արտահայտությունը ենթադրում էր ԽՍՀՄ-ն, որի իրավահաջորդ է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը, ապա ներկայումս էլ նույն առոգանությամբ կարելի է ասել, որ «կարևորը Ռուսաստանն է ու… էլի Ամերիկան», իսկ արհեստական ստեղծված կազմակերպությունները իրենց տեղն ու դերը վաղուց կորցրել են և Ռուսաստանի անդամակցությունը ԱՀԿ–ին «յա էղած, յա չէղած մի հաշիվա’։