Nessun Dorma! Ոչ ոք չպետք է քնի!

Nessun Dorma! Ոչ ոք չպետք է քնի!

Ասում են, թե 2008 մարտի 1-ը արդյունք չտվեց: Ամենեւին այդպես չէ:

2008-ի սերունդը կամուրջ դարձավ 1999-ի ողբերգության ականատես սերնդի, 2003-2004 անհույս պայքարող սերնդի եւ 2018 լուսավոր երիտասարդության միջեւ: Առանց նրանց 2018-ի գարունը հնարավոր չէր լինի, քանի որ կմոռացվեր կամ կարժեզրկվեր հենց պայքարի իմաստը, բուն էությունը եւ նպատակը: Իսկ մարտի 1-ի պատռեց հրեշի դիմակը, եւ արդեն իսկ խաղը բաց էր գնում: Եղավ 2012-ի “Մաշտոցի պուրակը”, 2013-ի “100 դրամը”, 2015-ի “Էլեկտրիկը”, 2016-ի “Սասնա ծռերի աջակցությունը”:

Բայց դրանք դեռ կլինեն, ինչի մասին ոչ մեկս դեռ չգիտի այսօր, 2008-ի մարտի 1-ին: Այսօր մենք, մեջք մեջքի տված, Մյասնիկյանի արձանի մոտ կանգնած ենք, անհասկանալի նպատակներով եւ ավելի անհասկանալի հեռանկարներով, փոխվող կամ բացակայող առաջնորդներով: Փորձում ենք պաշտպանել մեր քաղաքը: Մի ձեռքում թաց թաշկինակ գազից պաշտպանվելու համար, մյուս ձեռքում մի կտոր քար, զավթիչներին գոնե ինչ-որ դիմադրություն ցույց տալու համար:

Ինչ երկար օր էր, ինչ քանակի իրադարձություններ ներառեց գարնան առաջին այս օրը իր մեջ: Սկսվեց առավոտյան 05:10-ին, 2018-ի հեղափոխության օրրան դարձած, Ֆրանսիայի հրապարակի կողմից մի քանի հարյուր սեւազգեստ կանոնավոր զինվորական ջոկատայինների գրոհից: Երեք շարքով, բարձր վահաններով եւ մահակներով նրանք հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող ցուցարարների վրա: Մինչեւ ժամը 7-ը նահանջ Հյուսիսային պողոտայով դեպի Հրապարակ, այդտեղից էլ Շահումյան հրապարակ: Հրեշը կարցեծ, թե գործն արված է: Սակայն, ցրված եւ մի պահ ապակողմնորոշված մարդիկ սկսեցին հետ գալ: Հետ գալ Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ ժամը 12-ից մինչեւ 20:30 զայրածաց եւ չհուսահատված ազգը պատ էր կազմել: Երեկոյան գրոհը երկար չտեւեց, մեկ ու կես ժամ: Սակայն այդ կարճ ժամանակի մեջ տեղավորվեցին տասը խլած կյանք: Կրակոցներ, պայթյուններ, սադրիչներ, վարձու կողոպտիչներ, երկինքը լուսավորող մարտական գնդակներ, գազ, հայհոյանքներ: Շահումյան հրապարակում կանգնած քահանաներ եւ նրանց հետ բանակցող կեղծ գնդապետներ: Արտակարգ դրություն, այսօրվա անմեղ լացող գառնուկների սպառնալիքները մի ամբողջ ազգի: “Երկուսից ավել չհավաքվել”, “Մենք ձայնագրություններ ունենք”, “Սա Երեւանն է?” եւ քսան օր լռություն, բայց ոչ մարդկանց սրտերում: Հիշատակ մնացին վառված մեքենաներից մնացած ասֆալտի մեջ թաղված հալած կապարի փայլող կտորները Պարոնյան- Լեո խաչմերուկում:

Ստացվեց, որ պետության մի ղեկավարը, հայերի սպանություններ է կազմակերպում Սումգայիթի ջարդերի 20-ամյակի օրերին, իսկ մյուսը նույն բանով սպառնում է 10 տարի անց Եղեռնի նախօրեին:

Եւ ահա մարտի 21-ին առաջին չարտոնված հիշատակի հավաքը ցույց տվեց, որ ազգի կամքը չի կոտրվել: Եղեռնի մասին ֆիլմերի կերպար Երեւանի փոխոստիկանապետը թուրք ժանդարմի պես շրջում էր մարդկանց մեջ եւ մահակով ցույց տալիս իր սպոլետտաներին, թե ում բռնել: Ազգը սակավաթիվ եղավ այդ օրը, բայց չկոտրվեց: Եւ արդեն իսկ նշմարվեց 2018-ի գարունը:

Ինչպես “Գարնան 17 ակնթարթները” ֆիլմում, 2008-ի փետրվարի վերջին տաս օրերը ստիպեցին նոր ձեւով վերապրել մեր կյանքը:

Տասը օր, որոնք ցնծեցին հայոց աշխարհը: Այդ օրերին սեղմվեց ազգային զարթոնքի զսպանակը, որը բացվեց 2018 գարնանը եւ պատմության աղբանոց նետեց հրեշին եւ իր սպասավորներին:

2008-ին գարունը հետաձգվեց: 
Բայց այն եկավ, չնայած այսօր մենք դրա մասին դեռ չգիտենք:

Այսօր դեռ չգիտենք…

Dilegua, o notte! Tramontate, stelle!
Tramontate, stelle! All’alba vincerò!
Vincerò! Vincerò!

Գիշեր՝ ցրվիր, Հանգչեք՝ աստղեր:
Հանգչեք՝ աստղեր, Արշալույսով ես կհաղթեմ:
Հաղթե՛լ, Հաղթե՛լ……